«Մենք Քեսապի Մէջ Հազարամեակներու Պատմութիւն Ունինք»

arabakh-life.am կայքը երէկ հարցազրոյց ունեցաւ Լաթաքիոյ մէջ գտնուող Քեսապի շտապ օգնութեան եւ վերականգնման գործադիր մարմինի անդամ Կարօ Մանճիկեանի հետ: Ստորեւ` հարցազրոյցը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ տեղեկութիւններ կան այս պահի դրութեամբ Քեսապից:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ուղիղ կապ չունենք Քեսապի հետ, որովհետեւ չի գործում հաղորդակցման ոչ մի միջոց: Բայց տեղեակ ենք, որ մեր տները թալանուած են, թուրքերը բեռնատար մեքենաներով են կրում քեսապահայերի ունեցուածքը եւ արդէն վաճառքի են հանել Թուրքիայի սահմանակից բնակավայրերի շուկաներում: Իսկ ահաբեկիչների առաջխաղացումը կասեցուած է սիրիական բանակի կողմից:

Հ.- Զոհեր եղե՞լ են:
Պ.- Ոչ: Քեսապից տեղահանուել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանիքներ են: Առաջին մի քանի օրը ապաստանեցին Լաթաքիայի հայկական եկեղեցում: Այժմ տեղաւորուել են տեղի հայերի, հեռու-մօտիկ բարեկամների տներում: Եկեղեցում ապաստանածների թիւը կամաց-կամաց նուազեցաւ: Նրանց օգնութիւն են ցուցաբերում թէ՛ պետական մակարդակով, թէ՛ անհատ բարերարներ` այն ամէնով, ինչ գաղթականին անհրաժեշտ է: Մեծ օգնութիւն է ցուցաբերել Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ի դէմս Արամ Ա կաթողիկոսի: Օգնել է նաեւ Լիբանանի ՀԲԸՄ, Ամերիկայի, Քանատայի, Ֆրանսայի եւ այլ երկրների հայ համայնքները: Այս պահի դրութեամբ, մենք միայն տեղեկութիւն չունենք այն հայերի մասին, ովքեր չլքեցին Քեսապը: Նրանք քիչ թիւ են կազմում, բայց, միեւնոյն է անհանգստացած ենք, որովհետեւ, չունենք ոչ մի տեղեկութիւն` գերեվարել են, սպանուել են, թէ ողջ-առողջ են:

Հ.- Նրանք մնացել են պայքարելո՞ւ:
Պ.- Ոչ, նրանք, հիմնականում, տարեց կին ու տղամարդիկ են, որ չցանկացան լքել իրենց օճախները:

Հ.- Իսկ տեղահանուածների մօտ ի՞նչ տրամադրութիւններ են: Արդեօք, ահաբեկչական այս գործողութիւնները նրանց մօտ վախ կամ ընկճուածութիւն չե՞ն առաջացրել:
Պ.- Ի հարկէ, լարուածութիւն կայ, բայց վախ ` ոչ: Մենք գիտենք, որ երբ էլ յետ գնանք, մենք պէտք է սկսենք զերոյից: Բայց մենք միայն յետ գնալու մասին ենք մտածում: Քեսապն ու շրջակայ գիւղերը, մեր պատմական հողերն են: Նոյնիսկ ամենափոքրին, որ հարցնում ենք` ուր կ՛ուզես գնալ` օրինակ` Լիբանան թէ Քեսապ, պատասխանը մէկն է ` Քեսապ: Մենք հողին կապուած ժողովուրդ ենք: Մենք այստեղ հազարամեակների պատմութիւն ունենք: Ինչպէ՞ս կարող ենք թողնել մեր պատմութիւնը եւ ո՞ւր կարող ենք գնալ: Հեռանալ դէպի անորոշութի՞ւն: Քեսապը մեզ համար բարոյական իմաստ ունի: Քեսապը մեր փոքրիկ Հայաստանն է: Սակայն, մենք գիտակցում ենք նաեւ, որ մեր վերադարձը մեծաւ մասամբ կախուած է նաեւ ռազմական գործողութիւնների զարգացումից, որի մասին ես ոչինչ չեմ կարող յստակ ասել: Դա բանակի գործն է:

Հ.- Հնարաւո՞ր է , որ սա նաեւ պատերազմ է հաւատի ու կրօնի հողի վրայ:
Պ.- Ոչ: Քեսապը տարբեր հաւատի ու դաւանանքի մարդկանց համակեցութեան լաւագոյն օրինակն է: Ժողովրդի մէջ կրօնական հակադրութիւններ չկան: Իսկ, ահա, Թուրքիայի համար կրօնը, հաւատը միշտ առաջնային գործօն է եղել մարդկանց բնաջնջելու, սպանելու, թալանելու: Թուրքիան իր գազանի դէմքը առաջին անգամը չէ, որ ցոյց է տալիս:

Հ.- Այնուհանդերձ, երեւի թէ քննարկւում է Հայաստան տեղափոխուելու միտքը: Վերջ ի վերջոյ, ամենապահով տեղը հայի համար Հայաստանն է:
Պ.- Հայաստան տեղափոխուելու միտքը դեռ չի քննարկւում: Մենք գիտենք, որ Սիրիայից բազմաթիւ հայեր գնացին Հայաստան եւ հետագայում թողեցին` տարբեր դժուարութիւնների պատճառով: Հայաստանը մեզ համար այդքան հեշտ դեղատոմս չէ: Մենք, միայն ու միայն, ուզում ենք յետ գնալ , թէկուզ աւերակների վրայ նորից տներ կառուցելու վճիռով: Միայն թէ, մեր բնակավայրը պատերազմի դաշտի չվերածուի: Բայց պէտք է ասեմ, որ որոշները խօսում են Արցախ տեղափոխուելու մասին: Այո, կայ այդպիսի մտադրութիւն մի խումբ մարդկանց մօտ: Սակայն, դա դեռ վերջնական որոշում չէ :

Հ.- Փոխանցէք բոլոր քեսապահայերին արցախցիների զօրակցութիւնը: Արցախում լաւ ենք հասկանում իրավիճակը, որում յայտնուել էք:
Պ.- Այո, գիտենք: Մեր հայրենակիցների զօրակցութիւնը կը գօտեպնդէ եւ ուժ կը տայ մեզ: Մենք հասկացանք, որ մենակ չենք մեր դժուարութիւնների հետ: Իսկ դա օգնում է յաղթահարել այս բաւականին դժուար իրավիճակը, որում յայտնուել ենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these <abbr title="HyperText Markup Language">HTML</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>